ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երկու ընդդիմության միջև

Երկու ընդդիմության միջև
25.09.2009 | 00:00

Օգոստոսի 31-ին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների շուրջ ներքաղաքական իրավիճակն ու այդ իրադրության մեջ դերակատար քաղաքական ուժերի դիրքորոշումներն ավելի են ճշգրտվում ու, միաժամանակ, թեժանում։ Հայաստանում այսօր ստեղծվել է իսկապես ինքնատիպ և աննախադեպ կացություն, երբ իշխանությունը, որքան էլ զարմանալի է, գործ ունի երկու ընդդիմության հետ։
Եթե մինչև այս տարվա ապրիլի 22-ը` հայտնի հայ-թուրքական «ճանապարհային քարտեզի» ստորագրումը, գոյություն ուներ միայն մի ընդդիմադիր բևեռ` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, ապա այսօր իրավիճակն այլ է, և Հայաստանի իշխանությունները երկրի ներսում իրենց քաղաքականությունը մշակելիս, փաստորեն, հարկադրված են հաշվի նստել երկու տիպի ընդդիմության հետ։ Այդ ընդդիմություններից մեկը նույն ՀԱԿ-ն է, որի առաջնորդը սեպտեմբերի 18-ի վերջին հանրահավաքում հայտարարեց ընդդիմադիր գործունեության հերթական ընդմիջման մասին։ Հարկ է արձանագրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտավարությունն անցած տարվա աշնանից ի վեր, երբ հրատապ դարձավ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը, խորքային մարտավարական փոփոխություններ չի կրել` չխոսելով արդեն ռազմավարության մասին։ Անշուշտ, ՀԱԿ-ն արմատական ընդդիմություն է գործող իշխանությանը, և այս մասով որևէ կասկած լինել չի կարող։ Սակայն իշխանափոխության համար անհրաժեշտ հիմքեր ստեղծել չկարողանալու պատճառով այդ արմատական ընդդիմությունը որդեգրել է բավականին խորամանկ և գործող իշխանությանն արտաքին դաշտում էապես վնասող մարտավարություն։ Այն է` ոչ թե քննադատել իշխանության գործողությունները ղարաբաղյան հիմնախնդրի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, փաստորեն, զուգահեռ ընթացող գործընթացներում, այլ ողջունել այդ պրոցեսները, կողմ քաշվել և իշխանությանը հնարավորություն տալ մարսել ինչ-որ իմաստով սեփական ջանքերով հրահրված գործընթացի պտուղները։
Այս մարտավարությունն իր մեջ ունի երկու ենթատեքստ։ 1997-1998 թթ. փորձից ելնելով, Լևոն Տեր-Պետրոսյանը համարում է, որ Սերժ Սարգսյանն այսօր կանգնած է նույն մարտահրավերի առջև, ինչ ինքը` այն ժամանակ։ Եվ որ գործող նախագահը հարկադրված է լինելու կա՛մ ստորագրել առաջարկվող կարգավորման «մադրիդյան սկզբունքների» և հայ-թուրքական արձանագրությունների տակ` դրանով իսկ հիմքեր ստեղծելով իշխանությունից իր հեռացման համար, որպես անհիմն զիջումներ կատարող երկրի ղեկավար։ Կամ` հրաժարական տալ առանց այդ զիջումներին դիմելու։ ՀԱԿ-ի առաջնորդի հաշվարկով` երկու դեպքում էլ իրենք շահում են, քանզի ազատվում են իրենց համար ատելի իշխանությունից և միաժամանակ իրական հույսեր կարող են ունենալ, որ հնարավոր արտահերթ ընտրությունների դեպքում «համապատասխան» արտաքին ուժերի աջակցությունը կլինի իրենց կողմը, քանզի իրենք նույնպես ողջունել են վերոնշյալ գործընթացները, ըստ այդմ, պատրաստակամություն հայտնելով դրանք վերածել իրականության։ Սա է Տեր-Պետրոսյանի մարտավարության հիմնական տրամաբանությունը, և այդ պատճառով էլ արմատական ընդդիմության առաջնորդը որևէ դիմադրություն ցույց չի տալիս հայ-թուրքական և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներում ոչ հայանպաստ դրսևորումներին։
Եվ որքան էլ տարօրինակ է, այս պահին իշխանությունը հայտնվել է ավելի լուրջ առճակատման մեջ դաշնակցության և այն ուժերի հետ, որոնք դեմ են ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման «մադրիդյան սկզբունքներին», այնպես էլ հայ-թուրքական արդեն նշանավոր դարձած արձանագրությունների բովանդակությանը։ Զավեշտալին այն է, որ ո՛չ դաշնակցությունը, ո՛չ էլ գործող իշխանությանն այս կապակցությամբ արմատապես քննադատող քաղաքական ուժերը (բացառությամբ «Ժառանգության» ու «Նոր ժամանակների») գործնականում չեն հնչեցնում գործող նախագահի հրաժարականի որևէ պահանջ։
Նրանց պնդմամբ, իրենց նպատակն այն է, որ իշխանությունը հրաժարվի արտաքին քաղաքական հարաբերություններում ազգային խնդիրները վտանգող որոշակի կեցվածքից և վերադառնա ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի նկատմամբ վերջին տասը տարիներին ավանդական դարձած հստակ և անզիջում քաղաքականության հուն։ Նախօրեին էլ «Կենտրոն» հեռուստատեսությամբ հանդես գալով` ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարեց, թե իշխանության կողմից հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերջնական ստորագրման ու վավերացման դեպքում անգամ դաշնակցությունը չի գնա Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու ճանապարհով, չի միանա Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ կսկսի աշխատել հերթական ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու ուղղությամբ։ Անշուշտ, խոսքը խոսք է, և դա բոլորովին չի նշանակում, թե ՀՅԴ-ն ամեն դեպքում կմնա այս ուղեգծի շրջանակներում։ Բայց ուշագրավ է, որ համագործակցության հետաքրքիր ու արդյունավետ դրսևորումներ են լինում «Ժառանգության» ու դաշնակցության միջև։ Մասնավորապես, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը դիմել էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին` հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների հետ կապված խորհրդարանական լսումներ հրավիրելու առաջարկով։ Ոչ միայն հանձնաժողովի նախագահ, այլև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, բնականաբար, աջակցել է գործընկերների այս առաջարկին, և հոկտեմբերի սկզբին վերոնշյալ խորհրդարանական լսումները կկազմակերպվեն։ Նկատի ունենալով այդ խնդրի շուրջ անհրաժեշտ քարոզչություն կազմակերպելու դաշնակցության բազմամյա փորձը, նաև «Ժառանգության» ներուժը, կասկած չկա, թե այս ամենի արդյունքում ինչ լույսի ներքո կներկայացվեն նախաստորագրված արձանագրությունները։
Մանավանդ որ դրանց բովանդակությունն էլ, եթե ոչ շատ հիմնավոր, առնվազն որոշակի կասկածների տեղիք տալիս է։ Մինչդեռ իշխանությունն անցած ժամանակահատվածում հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների շուրջ ընթացող բանավեճում ոչ միայն չկարողացավ անհրաժեշտ քարոզչություն կազմակերպել, այլև նույնիսկ հանրությանը մատչելի բացատրել իր դիրքորոշումը։ Բացառությամբ հանրապետության նախագահի, ոչ ոք այդ հոգսի ծանրությունը սկզբունքորեն իր վրա չվերցրեց։ Արտգործնախարարը ստանձնել է միայն թուղթ ստորագրողի դերը, լավագույն դեպքում մասնակցում է փակ հանդիպումների (ինչպես գիտությունների ակադեմիայում) և ստորագրված փաստաթղթերը հանրությանը ներկայացնելու առումով որևէ իրական գործառույթ չունի և չի էլ ցանկանում ստանձնել։ Ինչ վերաբերում է հիմնական իշխող կուսակցությանը` ՀՀԿ-ին, ապա այս դաշտից հայ-թուրքական արձանագրությունների բովանդակությունը պաշտպանելու գործում հիմնական ակտիվիստներն են պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Լեռնիկ Ալեքսանյանը և, իհարկե, Էդուարդ Շարմազանովը։ Ավելորդ է նշել, որ չորսից ոչ մեկը ոչ միայն արտաքին քաղաքականության մասնագետ չէ, այլև բավականին աղոտ պատկերացումներ ունի այդ գործընթացների վերաբերյալ։ Բայց կուսակցական հանձնարարությունից ելնելով, կաշվից դուրս գալով փորձում են ինչ-որ հիմնավորումներ գտնել ստորագրված փաստաթղթերի դրական բնույթն ապացուցելու համար, ինչը գրեթե միշտ անհաջող է ստացվում ու ավելի է խորացնում հասարակության կասկածները, թե իշխանությունները հերթական անգամ ինչ-որ «կեղտոտ ու մութ» գործ են բռնել ազգային շահերի հաշվին։
Եվ, վերջապես, սփյուռքը։ Գործնականում նախօրեին երևան եկավ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հայտարարությունը, ուր Բեյրութում գտնվող վեհափառը, մեղմ ասած, չողջունեց հայ-թուրքական հարաբերությունների այս ձևով կարգավորումը։ Սա կարելի է համարել առաջին ահազանգ Հայաստանի իշխանություններին, այն իմաստով, որ եթե չհաջողվի հայ-թուրքական արձանագրությունների բովանդակությունը ներկայացնել սփյուռքին ու համոզել, որ դրանք չեն պարունակում հայտնի նախապայմանները, լուրջ խնդիրներ կարող են առաջանալ։ Առայժմ խոսակցություններ են շրջանառվում, թե նախագահը պատրաստվում է մեկնել ԱՄՆ և հանդիպումներ ունենալ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Բայց որքան էլ ԱՄՆ-ի հայկական համայնքն ազդեցիկ լինի, պակաս կարևոր չէ Ֆրանսիայի, Լիբանանի, Իրանի, Ռուսաստանի ու այլ համայնքների դերը։ Եվ եթե սփյուռքում այս կապակցությամբ դրական ընդհանրական կարծիք ձևավորել չհաջողվի, Հայաստան-սփյուռք պրոբլեմների առաջացումն անխուսափելի է, որով թուրքերը հասած կլինեն իրենց բաղձալի նպատակին, քանզի Հայաստանի իշխանություններից ավելի լավ գիտեն, որ ռեսուրսներ չունեցող ու փոքր տարածքի մեջ սահմանափակված այսպիսի երկրի հիմնական միջազգային ներուժը նրա սփյուռքն է։
ՈՒ ևս մի տգեղ միտման մասին։ Արդեն իսկ իշխանամետ լրատվամիջոցներով ու հեռուստաընկերությունների տարբեր հաղորդումներում սկսվում է տիրաժավորվել հետևյալ գաղափարը. դրսում ապրող սփյուռքահայերի համար ցեղասպանությունը կարևոր է, որովհետև իրենք Հայաստանում չեն ապրում, մինչդեռ հայաստանցիներն են տնտեսապես տուժում հայ-թուրքական սահմանի փակ լինելուց։ Գռեհիկ ու գավառամիտ այս թեզը, ցավոք, պատահական չի դրվել շրջանառության մեջ։ Հավանաբար, իշխանության «վերևներում» չափազանց խելոք ինչ-որ մեկը որոշել է այդ ձևով արդարացնել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրման նպատակահարմարությունը։ Հանգամանք, որ, անշուշտ, հիմարություն է։ Որովհետև եթե Հայաստանը մտադիր էր ցեղասպանության հարցն իր ուսերից նետել, այդ դեպքում կարիք չկար անկախության օրվանից ի վեր սփյուռքից փող մուրալ, «Հայաստան» հիմնադրամ ստեղծել, Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհ կառուցել, սփյուռքահայ բարերարների միջոցներով աշխատանքներ կատարել աղետի գոտում, «Լինսի» հիմնադրամի վարկերից օգտվել և այլն։ ՈՒրիշ խնդիր է, թե այդ միջոցները որքանով են լիարժեք ու նպատակային օգտագործվել։ Բայց վերոնշյալ «տրամաբանությունը» հուշում է, որ իրենց երևանաբնակ համարող որոշ «վերլուծաբաններ» վաղը կհայտարարեն, որ Ղարաբաղի ինքնորոշումն էլ ղարաբաղցիների գործն է, և Հայաստանն այստեղ անելիք չունի։ Յուրաքանչյուր ողբերգություն հայոց ճակատագրում միշտ սկսվել է հատվածական մտածողության արմատավորումից։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1705

Մեկնաբանություններ